Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների նոյեմբերի 9-ին կայացած երթը աչքի ընկավ նրանով, որ առաջին անգամ մարդիկ եկել էին նաև հակապուտինյան վերաբերմունք արտահայտող ցուցապաստառներով, իսկ Գլխավոր դատախազության մոտ տևական ժամանակ վանկարկեցին՝ «Առանց չեկիստ Հայաստան»:
Ի՞նչ ազդեցություն կունենա երթի մասնակիցների այս քայլը հետագա իրադարձությունների վրա, եթե նկատի ունենանք, որ դեկտեմբերին սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան:
ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը ողջունում է Շանթ Հարությունյանի կատարած քայլը՝ նշելով, որ նա եղավ իր խոսքի տերը:
«Խնդիրը Պուտինը չէ, խնդիրը Հայաստանի իշխանություններն են, որոնք քանի տարի բանակցում էին ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ, իսկ հետո մի գիշերվա մեջ իրենց համաձայնությունը տվեցին Հայաստանը մտցնելու Մաքսային միության մեջ»,- irates.am-ին իր տեսակետը ներկայացրեց Շահեն Պետրոսյանը:
Շահեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է հարց ուղղել Հայաստանի իշխանություններին, թե ինչո՞ւ առանց ժողովրդի կարծիքը հարցնելու համաձայնություն տվեցին միանալու Մաքսային միությանը: Նա կարծիք հայտնեց նաև, որ Պուտինի դեմ խոսելու դեպքում ոստիկանները չեն կիրառի այն բռնությունները, որոնք կիրառում են ՀՀ իշխանությունների դեմ խոսելու դեպքում:
Մեր զրուցակիցը հիշեցնում է Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածի մասին՝ նշելով, որ թե՛ հաջողությունների, թե՛ պարտությունների համար ամեն մի ժողովուրդ ինքն է մեղավոր:
Մեր դիտարկմանը, որ Ռուսաստանն այսօր նախկինում իր ազդեցության տակ գտնվող երկրների նկատմամբ իրականացնում է գաղութատիրական քաղաքականություն, Շահեն Պետրոսյանն արձագանքեց. «Հասկանում եմ, բայց այդ քաղաքականությունը ՌԴ-ն իրականացնում է մեր իշխանությունների մեղքով: Փոխանակ պատճառի դեմ պայքարելու՝ քննադատում ենք հետևանքները: Իսկ պատճառն այսօրվա ոչ լեգիտիմ իշխանություններն են»:
Շահեն Պետրոսյանը կարծում է նաև, որ Մաքսային միությունը չի կայանալու:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ